Արաբ գործարարները շատ հետաքրքրված են Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման, արդյունաբերությունում ներդրումներ կատարելու, հյուրանոցային տնտեսության ոլորտներով։ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայ-Էմիրաթական գործարար համաժողովին մասնակցող Հայաստանի Գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Արաբական պատվիրակության այցը, ըստ Մակարյանի, նախապատրաստվել է 4-5 ամիս, համաժողովի ընթացքում ամեն մի արաբ գործարարի հետ կաշխատի հայկական 5-6 ընկերություն։ Հայաստանից 15-20 բիզնես-ծրագիր է ուղարկվել ԱՄԷ, որտեղ դրանք ուսումնասիրվել են, իսկ համաժողովի ընթացքում կքննարկվեն արդեն կոնկրետ առաջարկություններ։ Սպասվում է, մասնավորապես, կարի արտադրությունում, հիդրոկայանների ու անշարժ գույքի շինարարությունում պայմանագրերի կնքում։
«Գաղտնիք չէ, որ այսօր շատ երկրներ մեզանով հետաքրքրվում են նաեւ այն բանի համար, որ Հայաստանը լինելով ԱՊՀ անդամ, օգտվելով ԱՊՀ երկրների հետ պայմանագրերից եւ որոշակի արտոնություններից՝ կրկնակի հարկում, պարզեցված առեւտրային ռեժիմներ, ցանկանում են Հայաստանի միջոցով մտնել այլ երկրներ»,- ասաց Գ. Մակարյանը։




























