Ուկրաինայում Նիկոլաեւյան մարզային թանգարանում հունվարի 27–ին կայացել է մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստին նվիրված ցուցահանդեսային շարքի շնորհանդեսը, հաղորդում է AnalitikaUA.net–ը։
Նախագիծն իրականացվել է Ուկրաինայի հայերի միության Նիկոլաեւի մարզի կառույցի նախագահ Արթուր Կոխլիկյանի աջակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով՝ թանգարանային ցուցադրության շարքի շրջանակներում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ներկայացվելու են Այվազովսկու կտավների ռեպրոդուկցիաները։ Շնորհանդեսները ուղեկցվելու են մեծ ծովանկարչի կենսագրության, ստեղծագործական ուղու մասին դասախոսություններով։
Ցուցահանդեսի շրջանակներում նաեւ ներկայացվելու են Նիկոլաեւյան թանգարանում պահվող 9 կտավների բնօրինակները։
Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է տանում ազգային պատմական արժեքները տարածելու ուղղությամբ, քանի որ, ըստ միության նախագահ Վիլեն Շատվորյանի, «մշակույթը ավանդաբար գտվում է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում»։




























