Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը համաձայնության են եկել սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեի անցկացման օրվա շուրջ եւ պատրաստվում են նախընտրական արշավին։ Այս մասին գրում է թուրքական Milliyet–ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության աղբյուրները հայտնել են, թե Էրդողանն ու Յըլդըրըմը համաձայնեցրել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը նշանակել ապրիլի 9–ին, սակայն պաշտոնապես այս մասին հայտարարվելու է փետրվարի 3–ին։

Նշվում է, որ արդեն իշխող կուսակցությունը պատրաստվում է հանրաքվեի համար նախընտրական արշավը կազմակերպել փետրվարի 10–ից։

Նշենք, որ Էրդողանի նախաձեռնությամբ խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքով երկիրն անցնում է նախագահական կառավարման։ Հանրաքվեի ժամանակ ժողովուրդը «այո» կամ «ոչ» է ասելու սահմանադրական փոփոխություններին։