Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է «Թուրքական հոսք» նախագծի համաձայնագիրը: Պետդուման համաձայնագիրը վավերացրել էր հունվարի 20-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ռուսաստանը եւ Թուրքիան նախագծի միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին: Նախագծով նախատեսվում է Սեւ ծովի հատակով գազատարի երկու ճյուղի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ: Մի ճյուղը նախատեսված է անմիջաբար թուրքական շուկային գազ մատակարարելու համար, մյուսը՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ տարանցելու: Երկրորդ ճյուղի իրականացումը կախված է Եվրոպայի ռուսական գազով հետաքրքրությամբ եւ նրանից այդ մասին երաշխիքների ստացումով:

Պարզաբանման մեջ նշված է, որ «Թուրքական հոսք» նախագծի իրականացման նպատակահարմարությունը եւ համաձայնագրի ստորագրումը պայմանավորված են մի շարք պատճառներով՝ տարանցման ռիսկերի կրճատմամբ եւ 2019-ից հետո Թուրքիա եւ ԵՄ երկրներ գազամատակարարման «Գազպրոմի» պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովմամբ:

«Թուրքական հոսքով» ռուսական գազի հուսալի եւ անխափան մատակարարումները ՌԴ բյուջե ամեն տարի 750 մլն դոլարի մուտք կապահովեն միայն գազատարի առաջին ճյուղի մատակարարումներից: Երկրոդ ճյուղի իրականացման դեպքում, անկախ երկրներից, որոնց սպառողները գազ կստանան, ՌԴ բյուջեի մուտքերը կստացվեն տրանզիտային մաքսատուրքից:

Փաստաթղթով հաստատվել է, որ կողմերը տրանսպորտային եւ տեխնիկական միջոցների, այդ թվում՝ նավերի, խողովակների, նյութատեխնիկական նշանակության ցանկացած այլ միջոցի նկատմամբ հարկեր, մաքսատուրքեր եւ այլ վճարումներ չեն նախատեսում:

«Թուրքական հոսքով» ռուսական  գազի մատակարարումների հետ կապված խնդիրներ չեն լինի, նախկինում հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի սկզբին ստորագրել է համաձայնագրի վավերացման մասին խորհրդարանի ընդունած  օրենքը: