ՆԱՏՕ-ն հրաժարվել է հանդիպել ուկրաինացի չինովնիկների հետ՝ դաշինքի հակահրթիռային պաշտպանությունը քննարկելու համար, հայտնում են արեւմտյան պաշտոնյաները։ Սա նոր վկայություն է, որ դաշինքը փորձում է խուսափել Ռուսաստանի նկատմամբ սադրանքներից, գրում է The Wall Street Journal–ը։ «ՆԱՏՕ-ն ծրագրում էր Ուկրաինայի հետ քննարկել նատոյական ՀՀՊ կիրառման դեպքում ուղուց շեղված  հրթիռների բեկորների՝ նրա տարածքի վրա ընկնելու հավանականությունը», պարզաբանում է հոդվածագիրը։

Ըստ պարբերականի՝ ՆԱՏՕ- ի դիվանագետները հիմա «քննարկում են Ռուսաստանի հետ երկխոսությունը ընդլայնելու ուղիները»,  ու որոշ չինովնիկներ ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարող է փորձել Մոսկվայի հետ ավելի սերտ համագործակցություն պահանջել դաշինքից»։ «Սակայն Ուկրաինայի արեւելքում մարտերի էսկալացիան բարդացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու նպատակով Բրյուսելի ու Վաշինգթոնի գործադրած ջանքերը», ասվում է հոդվածում։

«Որոշ դիվանագետներ կարծում են, որ Ուկրաինայի հետ ՀՀՊ-ն քննարկելու հարցում զգուշավորությունն արդարացված է, սակայն ոմանք էլ համարում են, որ ՆԱՏՕ-ն դրանով կարող է սխալ ազդանշան ուղարկել այն մասին, որ դաշնակիցներին՝ օրինակ Ուկրաինային պաշտպանելու իր վճռականությունը հնարավոր է սասանել»։

 Հոդվածագիրը հիշեցնում է, որ նատոյական ՀՀՊ-ն «նախատեսված է բալիստիկ հրթիռները որսալու համար, որոնք կարող են արձակվել Իրանից»։ Մոսկվան վաղուց է ՆԱՏՕ-ին կոչ անում սահմանափակել դաշինքի ՀՀՊ-ն, բայց այդ կոչերը Վաշինգթոնն ու Բրյուսելը անտեսում էին։

ԱՄՆ ՊՆ գործող ու նախկին չինովնիկներից մ ի քանիսը մտավախություններ ունեն, որ Թրամփը «կարող է փորձել փակել կամ չեղարկել ամբողջ ՀՀՊ համակարգը կամ դրա մի մասը՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների համաձայն»։ Բայց Պենտագոնի մյուս չինովնիկներն էլ կարծում են, որ ՀՀՊ-ն Կոնգրեսում հանրապետականների առանցքային առաջնահերթությունն է, հետեւաբար այդ հարցում քաղաքականության փոփոխություն ակնկալելու հիմքեր չկան։

Ամեն դեպքում Ուկրաինայի հետ ՀՀՊ քննարկումը այս պահին նպատակահարմար չէ,քանի որ կարող է վտանգել Մոսկվայի հետ հարաբերությունները, որոնք հիմա շատ փխրուն փուլում են գտնվում, ասվում է հոդվածում։