Եկամուտների եւ գույքի մասին հայտարարագրերը ներկայացնելու կանոններին չհետեւող պաշտոնյաներին կտուգանեն: Հայաստանի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը փետրվարի 3-ին հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում: 

Կառավարության հեղինակած այս օրինագիծը նախկինում մի շարք արձագանքներ է առաջացրել: Քննադատները ուշադրություն են դարձրել, որ օրինագիծը խնայում է պաշտոնյաների նյարդերը եւ նրանց հարմարվելու ժամանակ է տալիս՝ առաջարկվում է այն ուժի մեջ մտցնել միայն 2017-ի հուլիսի 1-ից:

Օրինագծի համաձայն՝ հայտարարագրի ներկայացումը ուշացնելու, կամ այն խախտումներով կամ ոչ ամբողջական կազմելու դեպքում նախազգուշացում կլինի, իսկ եթե 30 օր հետո սխալները չշտկվեն, նախատեսվում է 200-ից մինչեւ 400 հազար դրամի տուգանք: Հայտարարագրերը կընդունի եւ պատժամիջոցները կհաստատի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակն արդեն մտահոգված է «Քաղծառայության մասին» օրենքի հետ կապված. նրանք են՝ նախագահը, վարչապետը, պատգամավորները, նախարարները եւ նրանց տեղակալները, դատավորները (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի), գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, մարդու իրավունքների պաշտպանը, Վերահսկիչ պալատի նախագահը եւ մի շարք այլ անձինք: