5 մարզերի համար կառավարության հարթակ է ներկայացվել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Այս մասին փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որտեղ նա ամփոփել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր կատարած այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը եւ ներկայացրել այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման եւ տնտեսության առաջխաղացման:
«Աշխատանքային այցերի ընթացքում մեր խնդիրը եղել է ամբողջ կառավարությունով հասանելի դառնալ մեր գործարարին, մեր համայնքապետին, մեր մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են մեր տարածքները: Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները ՀՀ կառավարություն ներկայացնեն ծրագրեր:
Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը կառավարությունում, եւ արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն եւ այլ բազմապիսի ծրագրեր:
Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձեւ ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, եւ փոխանցվել է բոլոր մարզեր եւ համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձեւով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում եզրակացության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն եւ ներկայացվում կառավարության հարթակում:
Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներից եւ այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին»,-նշել է նախարարը:
Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ է ներկայացվել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այդ ծրագրերը կարող են լինել արդյունավետ, քանի որ ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, եւ ունեն համապատասխան շուկա: Մինչդեռ այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, եւ առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, նախարարի խոսքով, չեն ստանում դրական եզրակացություն: «Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը»,-նշել է նախարարը եւ հավելել, որ մարզային այցելությունների արդյունքում նախարարությունում ձեւավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ: «Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում եւ կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպե՞ս ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռեւս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը եւ որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ եւ մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ»:




























