«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Թրամփն արգելել է իր երկիր մուտք գործել 7 մահմեդական երկրների քաղաքացիներին, ինչը, կարծում եմ, դասական պոպուլիզմի դրսեւորում է` «ռասիստական թեքումով»: «Վախ` էս ինչ դուխով տղա է, էս սաղ մուսուլմաններին չի թողում մեր երկիր գան` մեր հացն ուտեն, այստեղ տեռոր անեն»: Միջին ամերիկացու նման հնարավոր արձագանքը հիմնված է տգիտության վրա: Բոլորի մասին մանրամասն տեղեկություններ չունեմ, խոսեմ մեր հարեւան Իրանի մասին: Նախ` հայտնի չէ որեւէ դեպք, երբ Իրանի որեւէ քաղաքացի ահաբեկչություն իրականացներ Միացյալ Նահանգներում:
Փոխարենը հայտնի են դեպքեր, երբ ԱՄՆ անվտանգությանը սպառնացել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, որոնց վրա Թրամփի արգելքը չի տարածվում: Երկրորդ` Իրանում ապրում են (2011 թվականի մարդահամարի տվյալներով) ավելի քան 117 հազար քրիստոնյաներ, այդ թվում` հայեր, ավելի քան 25 հազար զրադաշտականներ եւ ավելի քան 8 հազար հրեաներ, եւ, ի դեպ, պետական վերաբերմունքն այդ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կարելի է օրինակելի համար եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի համար:
Իրանահայերի համար Թրամփի արգելքը, մեղմ ասած, անհարմարություններ է ստեղծել: Հազարավոր մեր հայրենակիցներ գնում են, մասնավորապես, Լոս Անջելես, մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս ապրում, հետո վերադառնում են Իրան` ճիշտ այնպես, ինչպես դա անում են հայաստանցիները: Իրանահայերից շատերը «գրին-քարտ» եւ սեփականություն ունեն ԱՄՆ-ում: Մենք ավելի լավ գիտենք հայերի մասին, բայց իրականում Թրամփի պոպուլիզմից տուժում են տարբեր կրոնների միլիոնավոր մարդիկ, եւ վստահ չեմ, որ շահում է Միացյալ Նահանգների անվտանգությունը:
Բայց բացասաբար գնահատելով ԱՄՆ նախագահի պոպուլիստական հրամանագիրը` չեմ կարող դրական խոսքեր չասել այդ երկրի իրավական համակարգի մասին: Նախագահը հրամանագիր է ստորագրում, բայց գլխավոր դատախազը, մնացած դատախազները, ինչպես նաեւ դատարանները չեն վարանում օրինական ճանապարհով այն վիճարկել: Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսի համար դա ավարտվեց պաշտոնանկությամբ եւ նույնիսկ «դավաճանության» մեղադրանքով: Բայց կասկած չկա, որ Սալին կշարունակի ապրել եւ աշխատել՝ գուցե պետական համակարգից դուրս, նրան սեփականությունից չեն զրկի, նրա բարեկամների կրպակներում արտահերթ ստուգումներ չեն անցկացնի: Թրամփը նման լծակներ չունի:
ԱՄՆ նախագահը, որքան էլ նա տվյալ դեպքում սխալ լինի, այն մարդը չէ, որի ձեռքում է «մեխն ու չագուջը». օրենսդիր եւ դատական իշխանություններն ունեն իրենց «չագուջները», նույնպիսի գործիքներ ունեն նաեւ նահանգները եւ տեղական ինքնակառավարումը: Թրամփն ասում է՝ փող չեմ տա այն քաղաքներին, որոնք փախստականների են ընդունում, Չիկագոյի քաղաքապետն ասում է՝ հեչ էլ տաս, միեւնույն է՝ շարունակելու եմ ընդունել: Կարծում եք՝ Թրամփը չէ՞ր ցանկանա այդ քաղաքապետի «գլխին բամփել»: Հատկապես Թրամփը հաստատ կցանկանար: Պարզապես նա դրա հնարավորությունը չունի:
Երբ ես խոսում եմ համակարգի եւ ոչ թե անձերի մասին, ես հենց դա նկատի ունեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























