Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության ծրագրի շրջանակում Հայաստանը չինական կապալառուին կազատի հարկերից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում:
Դպրոցի համար նախատեսված բեռների առաջին խմբաքանակը Հայաստան է հասել փետրվարի 7-ին:
Դպրոցը՝ հանրակացարանով եւ նորագույն ենթակառուցվածքներով, նախատեսված կլինի 650 աշակերտի համար: Ավելի վաղ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ դպրոցը պետք է չինարենի ուսուցման խոշորագույն ուսումնական կենտրոնը դառնա ոչ միայն Հայաստանում, այլեւ Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում:
Շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին: Ծախսերը համաֆինանսավորում է Չինաստանի կառավարությունը:




























