ChicagoNow բլոգ հարթակի էջը, որը պատկանում է ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի խոշորագույն մեդիահոլդինգին՝ Chicago Tribune Media Group-ին, մանկական պոռնոգրաֆիայի պատճառով արգելափակվել է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության հսկողության դաշնային ծառայության (Ռոսկոմնադզոր) կողմից: Այս մասին հայտնում է «Ռոսկոմսվոբոդան»:
Ռոսկոմնադզորը էջն արգելել է բլոգի գրառումներից մեկում փոքրիկի լուսանկարի պատճառով, որի հեղինակ Ռոբերտ Մեփլթորփը այն կատարել է 1976 թվականին: Ռոսկոմնադզորն այս լուսանկարում մանկական պոռնոգրաֆիայի տարրեր է տեսել:
«Մեզ թվում է, որ այսպիսի լուսանկարներ կան ցանկացած ընտանիքում, եւ մենք նայելով մեր կամ ուրիշի երեխաների մանկական լուսանկարները՝ որեւէ սեռական ցանկություն չենք զգում, բայց հսկիչ գերատեսչությունը կասկածում է, որ այսպիսի լուսանկարներում ակնհայտորեն սեռական ենթատեքստ կա: Մեր տեսակետից աշխարհի պատկերն այդպես տեսնելը, մեղմ ասած, այնքան էլ նորմալ չէ»,- գրել են հրապարակման հեղինակները:




























