Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այսօր՝ փետրվարի 11-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվող պատարագի ժամանակ, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, միջադեպ է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեք կանայք փորձեցին մոտենալ ՀՀ նախագահին, որպեսզի իրենց խնդիրների մասին պատմեն, նրանցից մեկի ինքնազգացողությունը հուզմունքից վատացավ եւ «շտապօգնություն» կանչեցին:

Կանայք չցանկացան ներկայանալ, սակայն ներկայացրեցին, թե ինչ խնդիրների հետ կապված են ուզում մոտենալ նախագահին, ինչը նրանց այդպես էլ չհաջողվեց:

Կանացից մեկի խոսքով, իր երկու որդիները մահացել են բանակում խաղաղ պայմաններում: Նա ցանկանում էր, որ նախագահը միջնորդի բացահայտել այդ գործը: ՀՀ նախագահի օգնականներից մեկը, լսելով կնոջը, նրան ներկայացրեց պաշտպանության նախարարին, նրա տվյալները վերցրեցին, եւ խոստացան հարցին ընթացք տալ:

Երկրորդ կնոջ խոսքով՝ իր զինծառայող որդին արդեն 6 ամիս է կորած է, տեղեկություններ չունի եւ այդ հարցով է դիմում: Նրան լսեցին նախագահի օգնականները,  վերցրին տվյալները: Այդ պահին կնոջ ինքնազգացողությունը հուզմունքից վատացավ, շտապօգնություն կանչեցին եւ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին:

Երրորդ կինը եւս նամակների տրցակով էր եկել եւ ցանկանում էր դրանք փոխանցել նախագահին. նամանկները վերցրեցին օգնականները: