Գերմանիայում արգելել են «Գերմանացի դեմոկրատների դաշինք» կուսակցությունը (Allianz Deutscher Demokraten / ADD), որը հիմնադրվել է Քյոլնում էթնիկ թուրքերի կողմից, հաղորդում է TRT հեռուստաալիքը։

Նման որոշումը Քյոլնի դատարանը հիմնավորել է կուսակցության պատկերանիշի՝ աջակողմյան AfD կուսակցության պատկերանիշի հետ համընկնումով։

ADD կուսակցության վերաբերյալ նման վճռի համար պատճառ է հանդիսացել այն հավանականությունը, որը ընտրողները կարող են շփոթել կուսակցությունները՝ ելնելով դրանց պատկերանիշերի նմանությունից։ Ի դեպ, ADD-ն գրասենյակներ ունի Գերմանիայի հինգ քաղաքներում եւ եւս մեկը պատրաստվում է բացել Բեռլինում։

Կուսակցության ներկայացուցիչ Ուղուր Կարադաղն ասել է, որ երկակի ձևաչափեր են կիրառվել, եւ իրենք մտադիր են բողոքարկել վճռը։ Կուսակցության երկրորդ նախագահ Ռամազան Ակբաշը եւս հայտարարել է, որ իրենք անպայման կբողոքարկեն վճիռը։

«Գերմանացի դեմոկրատների դաշինք» կուսակցությունը հիմանդրվել է մոտավորապես 7 ամիս առաջ՝ ձեռնարկատեր Ռեմզի Արուի, փաստաբան Ռամազան Ակբաշի եւ Հալիլ Էրթեմի կողմից։