Պեկինը մտահոգված է եւ կտրականապես դեմ է արտահայտվում Դիաոյու կղզիների շուրջ ԱՄՆ–ի եւ Ճապոնիայի ղեկավարների համատեղ հայտարարությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Նրա խոսքով, Դիաոյու (չինական անվանում կամ Սենկակու՝ ճապոնական անվանում) կղզիները՝ ավանդաբար Չինաստանին պատկանող տարածք է, եւ ոչ մի խոսք կամ գործողություն չի կարող փոխել Պեկինի վճռականությունը, որը փորձում է պաշտպանել ազգային ինքնիշխանությունը եւ ապահովել սեփական տարածքային ամբողջականությունը։ «Միացյլա Նահանգները եւ Ճապոնիան պետք է զգուշավորություն ցուցաբերեն իրենց բարեռում եւ գործողություններում, ինչպես նաեւ դադարեն սխալ հայտարարություններ անել՝ հարցերը էլ ավելի չբարդացնելու եւ տարածաշրջանում իրավիճակը չլարելու համար», – հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։




























