Այսօրվա քաղաքական ներկապնակում որպես այդպիսին քաղաքական դաշինք չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Զուրաբյանը, ով առաջադրվել է նաեւ Երեւանի Կենտրոն- Էրեբունի- Նորք-Մարաշ վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքում:

Նրա խոսքով, այդ համատեքստում կարելի է ցանկացած դաշինք ոչ գաղափարական համարել. «Նաեւ չեմ տեսնում, որ առանձին կուսակցություններ վառ ընդգծված գաղափարական պայքար են տանում: Գոնե վերջին տարիներին մենք նման պրոցեսի ականատես չենք եղել»:

Անդրադառնալով նրան, որ հենց «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում իրենց համագործակցության մեջ գաղափարական հենքի բացակայությամբ էր պայմանավորված, որ ՀՀՇ հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանը լքեց ՀՀՇ կուսակցությունը, Արարատ Զուրաբյանն ասաց. «Քաղաքական գործունեությամբ պետք է մի փոքր պրագմատիկ մոտեցումներով զբաղվել: Ալեքսանդր Արզումանյանը որոշել է դադարեցնել կուսակցական գործունեությունը, այդ որոշումը հարգում եմ»: