Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 9-ին ամփոփվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երեւան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գործող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:
Կազմակերպություններից ոչ մեկ հաղթող չի ճանաչվել։ Մրցույթին փաստաթղթեր ներկայացրած 3 կազմակերպությունները վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար առաջարկել էին հետեւյալ գները. ավստրիական STRABAG International՝ 51,1 մլն դոլար, ամերիկյան` Fele Technologies՝ 18,9 մլն դոլար եւ իսպանական MJGRUAS-ը` 22,6 մլն դոլար:
Նախարար Մանուկ Վարդանյանը հրավիրած ասուլիսում նշեց, որ հայտերի գնահատման աշխատանքներին մասնակցել է Ասիական զարգացման բանկի փորձագետը: Նշենք, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի այս բանկի վարկի միջոցով:
Հայտերի գնահատումից հետո հանձնաժողովը կայացրել է հետեւյալ որոշումները.
1,STRABAG International-ը համապատասխանում է բոլոր առաջադրված պայամններին, ունի համապատասխան որակավորում եւ ֆինանսական ռեսուրսներ` առաջարկվող պայմանագիրն իրականացնելու համար։ Սակայն հայտատուի առաջարկած գինը մոտ երկու անգամ գերազանցում է նախահաշվային գինը: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` գնի անընդունելի բարձր լինելու պատճառով:
2, Fele Technologies-ը ներկայացրել է նվազագույն գինը, սակայն չի նշել հայտի գինը հայտի նամակում: Հայտերի բացման ընթացքում գինն ընթերցվել է ծալաթերթիկից: Հայտատուն չի ներկայացրել պահանջվող փորձի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ, շինարարական աշխատանքների իրականացման համար առաջարկել է 22 ամիս` նախատեսված 17,5 ամիսների դիմաց: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը՝ պահանջվող փորձի վերաբերյալ ապացույցների բացակայության, շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի խախտման եւ հայտի նամակում հայտի գնի բացակայության պատճառով:
3 MJGRUAS-ի հայտը մերժվել է, քանի որ կազմակերպությունը բավարար փորձ չունի ասֆալտի վերամշակման, հողային աշխատանքների, ցեմենտ-բետոնե ծածկով ճանապարհների իրականացման համար:
Նշենք, որ կառուցվող ճանապարհի կեսը պետք է լինի ասֆալտ-բետոնից, մյուս կեսը՝ բետոնապատ։ Ըստ Մ. Վարդանյանի՝ ասֆալտե ճանապարհը դիմանում է 8-15 տարի, իսկ բետոնապատը՝ 30 տարի։
Միջազգային մրցույթին կարող են մասնակցել նաեւ հայկական շինարարարական կազմակերպությունները, սակայն շինարարներին առաջադրվող պայմաններն այնպիսին են, որ դա գործնականում բացառվում է։ Այսպես՝ շինարարական կազմակերպությունը պետք է ունենա նմանատիպ 3 ճանապարհի կառուցման փորձ, տարեկան 20 մլն եվրո շրջանառություն։ Մ. Վարդանյանի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ մրցույթին մասնակցեն համաշխարհային մեծ ճանաչում ունեցող կազմակերպությունները, այդ նպատակով նույնիսկ 20 առավել խոշորներին նամակ է ուղարկվել։ Նույնիսկ արտգործնախարարության արտասահմանյան ստորաբաժանումներն են լծվել այդ կազմակերպություններին Հայաստան հրավիրելու գործում։ Ըստ Մ. Վարդանյանի՝ հավանաբար խոշոր շինարարական կազմակերպություններին կաշկանդում է շինարարության ոչ մեծ արժեքը։ Նրանց շահագրգռվածությունը մեծացնելու նպատակով որոշվել է, որ հաջորդ մրցույթում կմիացվեն 2 լոտեր՝ Երեւան-Աշտարակ եւ Աշտարակ-Թալին։ Այդ կերպ ճանապարհի երկարությունը կկազմի 40-45 կմ, շինարարության արժեքը՝ մոտ 50 մլն դոլար։
Այդ մրցույթը կանցկացվի հավանաբար հաջորդ տարվա գարնանը, երբ Ասիական բանկը կհաստատի վարկի երկրորդ տրանշը։





























