ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի հեշտությամբ ստանալ քաղվածքներ իրենց կուտակային կենսաթոշակային հաշվեհամարներից։ Այս մասին փետրվարի 28–ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը եւ մի շարք կից նախագծեր։
Համաձայն օրինագծի՝ քաղվածքները հնարավոր կլինի ուղարկել քաղաքացու նշած էլեկտրոնային հասցեին։ Իսկ պաշտոնական էլեկտրոնային հասցեի առկայության դեպքում քաղվածքներն այնտեղ ավտոմատ կերպով կուղարկվեն։ «Այդ պատճառով էլ մենք քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս պաշտոնական էլեկտրոնային հասցեներ ձեռք բերել», - հավելել է Երիցյանը։




























