Եվրասիական միությունը ոչ մի կերպ չի սպառնում ՀՀ–ում կենսաթոշակային կուտակումներին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, ՀՀ խորհրդարանում հայտարարել է Կենտրոնական բանկի փոխանխագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը եւ մի շարք կից նախագծեր։
Նա ընդգծել է, որ անհիմն է անհանգստությունը, թե Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները կարող են արժեզրկվել՝ Եվրասիական միության միասնական արժույթին անցնելու դեպքում։ Պաշտոնյան հիշեցրել է, որ մինչ 2025–ը ԵՏՄ անդամ երկրները կպատրաստվեն ոչ թե միասնական արժույթի անցնելուն, այլ ընդամենը ֆինանսական շուկայի ինտեգրմանը։ «Դա նշանակում է, որ հայկական բանկերը, դիլերներն ու միջնորդները կկարողանան առանց լրացուցիչ արտոնագրերի ու վճարումների աշխատել ԵՏՄ այլ երկրների շուկաներում ու հակառակը՝ Հայաստանում կարող են գործընկեր երկրներից ֆինանսական ընկերություններ աշխատել։ Սակայն միասնական արժույթի մասին ընդհանրապես խոսք չկա. ոչ այժմ, ոչ՝ այն ժամանակ», – ասել է Երիցյանը։




























