Այս տարի կշարունակվեն պարարտանյութերի եւ գարնանացան սերմացուի սուբսիդավորման  ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնգրեսը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ:  Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ եւ կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության  տարբեր մարզերից, ինչպես նաեւ ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական եւ միջազգային կազմակերպություններ:

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ֆերմերների հետ համատեղ քննարկել հարցեր, որոնք հետագայում կարող են ընդգրկվել 2018 թվականի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերի մեջ:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է պետության կողմից գյուղոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերին: Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս տարի կշարունակվեն պարարտանյութերի եւ գարնանացան սերմացուի սուբսիդավորման  ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները, ավելի մեծ ուշադրություն կդարձվի հասցեականության ապահովմանը: Միաժամանակ նախարարը նշել է, որ նախկինում դիզվառելիքի սուբսիդավորման համար հատկացվող  եւ պարարտանյութերի ծրագրից մրցույթի արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը:  Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի լիզինգային ծրագիր, որը բավականին մատչելի պայմաններ  է նախատեսում գյուղացիական տնտեսությունների համար, այն է` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2-3 % տոկոսադրույք եւ 3-ից մինչեւ 10 տարի մարման ժամկետ:

«Այսպիսով, տնտեսված գումարներն ուղղվելու են մատչելի տոկոսով ֆինանսական գործիքի ստեղծմանը եւ ֆերմերների համար մատչելի գներով գյուղտեխնիկայի ձեռքբերման համար պայմանների ապահովմանը: Իմ կարծիքով, պետք է ստեղծել բազային հնարավորություն, որ ցանկացած տնտեսություն կարողանա մատչելի գնով գնել գյուղտեխնիկա», - հավելել է նախարարը:

Իր ելույթում Իգնատի Առաքելյանն կարեւորել է ոռոգման կաթիլային համակարգի եւ հակակարկտային ցանցերի ներդրումը` միաժամանակ նշելով, որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում երկարաժամկետ եւ էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Նախարարն ընդգծել է նաեւ ագրարային ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման  անհրաժեշտությունը, սննդամթերքի որակի եւ անվտանգության ուղղությամբ լայնամաշտաբ աշխատանքների իրականացումը, այդ թվում`  պարտադիր սպանդանոցային մորթի անցման հարցը, որի վերաբերյալ որոշումն այս պահին շրջանառության մեջ է, ինչպես նաեւ բուսաբուծության ոլորտում սերմնաբուծարանների, իսկ անասնաբուծության ոլորտում` տոհմաբուծարանների կայացումը:

«Այս միջոցառման նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերային տնտեսությունների եւ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջեւ` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ձեզ ներկայացնել առաջարկություններ նախարարին, ինչպես նաեւ կիսվել  միմյանց հետ հաջողված փորձով», -  բացման խոսքում նշել է Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ նման ձեւաչափով միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Այնուհետեւ նախարարը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության  վարկավորմանը,  գյուղմթերքի եւ սերմերի ներկրումներին, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը, օրգանական գյուղատնտեսությանը, կաթի գնագոյացմանը, ինչպես նաեւ կոոպերացիայի զարգացմանը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների եւ մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակում:

Ֆերմերական կոնգրեսի նպատակն է նպաստել գյուղատնտեսության եւ մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալմանը, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին: