Ոստիկանությունը հայտարարում է, որ բացահայտվել է Սայաթ-Նովա գյուղում նախօրեին տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«Մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 24-ամյա Ա. Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա դանակահարվել է նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության եւ բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը եւ ժամին Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել եւ սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 26-ամյա Ա. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 5.50-ին նա մեղայականով ներկայացել է բաժին:
Ա.Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետեւանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում եւ հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսեւորում:
Ոստիկանությունը քաղաքական ուժերի եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից»:
Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ երիտասարդ ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իսկ Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողը Մուրադ Մուրադյանի շտաբի պետն է:




























