Սումգայիթում ջարդերը Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական բազմամյա արատավոր քարոզչության գագաթնակետն էր: Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հայերի կոտորածի 29-րդ տարելիցին նվիրված իր հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ Շֆը մասնավորապես ասել է.
«Պարոն խոսնակ, ես ոտքի եմ կանգնում ի հիշատակ Սումգայիթ քաղաքի հայ բնակիչների կոտորածի 29-րդ տարելիցի: 29 տարի առաջ ադրբեջանական ամբոխը հարձակվեց եւ սպանեց իր հարեւան հայերին: Երբ բռնության ալիքը վերջնականապես հանդարտվեց, պարզվեց, որ հարյուրավոր խաղաղ հայեր են դաժանաբար սպանվել եւ վիրավորվել, կանայք եւ երիտասարդ աղջիկները բռնաբարվել են, զոհերը խոշտանգվել են եւ ողջ-ողջ այրվել: Նրանք, ում հաջողվել է փրկվել, իրենց տները թողել են եւ փախել՝ ետեւում թողնելով այն ամենն, ինչ ունեին:
Սումգայիթում ջարդերը Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական բազմամյա արատավոր քարոզչության գագաթնակետն էր: Ադրբեջանի իշխանությունները քիչ ջանքեր են գործադրել մեղավորներին պատժելու համար, հակառակը՝ նրանք մինչ օրս փորձում են թաքցնել Սումգայիթի չարագործությունները, նաեւ ժխտում են կառավարական բարձրագույն պաշտոնյաների դերը բռնությունները հովանավորելու մեջ: Զարմանալի չէ, որ սա բռնության վերջը չէր եւ ուղեկցվել է լրացուցիչ հարձակումներով, այդ թվում՝ 1990 թվականին Բաքվի ջարդով:
Սումգայիթի սպանդը եւ էթնիկ հայերի վրա հաջորդ հարձակումները հանգեցրել են Ադրբեջանում բնակվող ժամանակին բարգավաճող 450-հազարանոց հայ բնակչության փաստացի անհետացմանը: Հարձակումները գագաթնակետին են հասել Լեռային Ղարաբաղի բնակիչների դեմ: Երկու կողմից հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել:
Ժամանակը չի բուժել Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերի ժամանակ սպանվածների վերքերը: Հակառակը՝ Ադրբեջանում խրախուսվում է հայերի նկատմամբ ատելությունը, որի վառ օրինակը Ադրբեջանի բանակի կապիտան Ռամիլ Սաֆարովի դեպքն է, որը քնած ժամանակ դաժանաբար կացնահարել է հայ բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Երկուսն էլ Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2012 թվականին Սաֆարովը տուն՝ Ադրբեջան է ուղարկվել, ենթադրաբար այնտեղ պատժի մնացած ժամկետը կրելու: Դրա փոխարեն նրան ներել են, կոչումը բարձրացրել եւ որպես հերոսի ընդունել:
Սումգայիթում խաղաղ էթնիկ հայերի վրա հարձակումը հանգեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրով անմիջական հակամարտության: Շփման գծում Ադրբեջանի վտանգավոր վարքագիծն այսօր սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը: Շփման գծի ամբողջ երկայնքով հրետանու եւ դիպուկահարների կրակոցները Լեռնային Ղարաբաղի բնակիչների առօրյա կյանքի համար սովորական են դարձել, որի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհեր են լինում:
Կոնգրեսի մյուս անդամների հետ ես հետեւողականորեն կոչ եմ արել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին միջազգային ուղիղ արձագանք տալ՝ միջազգային դիտորդների եւ տեխնոլոգիաների ծավալման միջոցով, որպեսզի հրադադարի խախտումները վերահսկվեն: Այս պարզ քայլերից Ադրբեջանի շարունակական հրաժարումը շատ բանի մասին է վկայում, սակայն ես կարծում եմ, որ նրանք չպետք է կանխեն Լեռնային Ղարաբաղում այս տեխնոլոգիաների տեղակայմանը: Սումգայիթի տարելիցը հետեւանքների հիշեցում է, երբ ագրեսիան եւ ատելությունը անկառավարելի են դառնում:
Պարոն խոսնակ, այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որը Թուրքիայի կառավարությունը՝ Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցը, ցանկացած գնով ժխտում է: Մենք պետք է թույլ չտանք, որ մարդկության դեմ նման հանցագործությունները չճանաչված մնան՝ անկախ այն հանգամանքից դրանք երեկ են տեղի ունեցել, թե 29 կամ 100 տարի առաջ: Այսօր եկեք հարգենք Սումգայիթի վայրագ ջարդերի զոհերի հիշատակը: Պարոն խոսնակ, մեր բարոյական պարտքն է նման կարգի հանցագործությունների դատապարտումը եւ զոհերին հիշելը՝ այն հույսով, որ պատմությունը չի կրկնվի:




























