Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը, իր խոսքով, բարկացրել է ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդներին։ Ահմեդ Թուրքը ասել է, որ նրանք նույնիսկ հովվի գործ չեն կարող անեն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejikboyut կայքէջը։

Թուրքիայի Վան քաղաքում քրդերի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը, որը ասել է հետեւյալը. «Թուրքիայում անպայման խաղաղություն է հաստատվելու, լիահույս ենք, խնդրում եմ խիզախ եղեք։ Թուրքիայում խաղաղության դեմ դուրս եկած „Ժողովրդա-հանրապետական“ եւ „Ազգայնական շարժում“ կուսակցության առաջնորդները այս երկրում նույնիսկ հովվի գործ չեն կարող անել։ Հավատացած եղեք, որ քրդերը Թուրքիան չեն բաժանի։ Քրդերը նման պահանջ չունեն։ Քրդերի պահանջը ազատությունն է եւ հավասարությունը»,- ասել է քրդական կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը։

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության Վանի նահանգի ղեկավար Սելիմ Էրթաշը, որը նշել է, թե ինչպես Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը քրդերի հետ ուս ուսի տված ստեղծեց Թուրքիայի հանրապետությունը, այնպես էլ հիմա, եթե նախագահ Աբդուլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը կանգնեցենեն ռազմական գործողությունները եւ ժողովրդավարությամբ եւ սահմանադրական ճանապարհով լուծեն քրդական հարցը, նրանց անունները պատմության մեջ ոսկե տառերով կգրվեն։