Այսօր երիտասարդները բազմաթիվ խնդիրներ ունեն, սկսած կրթություն ստանալուց մինչեւ աշխատանքի ընդունվելը: Նոյեմբերի 10-ին երիտասարդության համաշխարհային օրվա խորհրդի հետ կապված NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Երեւանի պետական համալսարանի ուսանողները:
«Սովորում ենք, բայց աշխատանք չկա: Պետությունը պետք է մտահոգվի երիտասարդներին կրթություն տալուց հետո նաեւ աշխատանքի տեղավորելու մասին»,-նշեց ուսանողուհի Դիանան` հավելելով, որ այսօր գործատուները շատ հաճախ շահագործում են երիտասարդ աշխատողներին:
«Ուսանողի համար պայմաններ չեն ստեղծվում: Ամենատարրական օրինակն այն է, որ նույնիսկ համալասարանի ներսում` սկսած բուֆետից մինչեւ պատճենահանում անելը ուսանողի վրա կրկնակի են հաշվում; Չեն մտածում ուսանողների եւ նրանց համար գոնե զեղչեր սահմանելու մասին»,- ասաց նա:
Արդեն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող 27-ամյա Աննայի հավաստմամբ, երիտասարդները, եթե իրականում ցանկություն ունենան աշխատելու, ապա աշխատանք կգտնեն, այլ հարց է, որ նրանք հաճախ ստիպված են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ եւ ստանալ ցածր աշխատավարձ:
«Աշխատանքի դիմաց ստացած գումարն այնքան քիչ է, որ դու ոչ մի դեպքում չես կարող վճարել քո ուսման վարձը եւ հոգաս կարիքներդ»,-ասաց նա:
Ծնողներից ֆինանսական կախվածությունը, Աննայի կարծիքով, երիտասարդների մոտ առաջացնում է մեկ այլ, մտահոգիչ խնդիր. «Քանի որ երիտասարդները հիմնականում հնարավորություն չունեն ապրել միայնակ եւ իրենց ծնողների հետ են ապրում նույնիսկ մեծ հասակում, դա ազդում է նրանց մտածելակերպի վրա: Մեծ մարդիկ են, բայց չունեն ինքնուրույնություն եւ դա արտահայտվում է ամեն ինչում, նույնիսկ աշխատանք փնտրելիս մամա , պապա են խառնում»:
Աննան ասաց, որ թեեւ կրթություն ստանալը երիտասարդների համար խնդիր չի այսօր, սակայն ոչ պակաս մտահոգիչ է բարձրագույն կրթության որակը: «Հայաստանի բուհերում տրամադրվող կրթությունը բացարձակապես չի համապատասխանում դրանց դիմաց վճարվող գնին»,-նշեց նա` հավելելով, որ պետությունը չունի երիտասարդական քաղաքականություն եւ այն, ինչի հասնում են երիտասարդներն, արվում է արտասահմանյան կազմակերպությունների աջակցությամբ:
Լաուրան էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին նշեց, որ պետությունը պետք է ոչ թե ուղղակի ծրագրեր կազմակերպի եւ ցույց տա, որ զբաղվում է երիտասարդներով, այլ գործնական քայլեր ձեռնարկի: Նրա կարծիքով, երիտասարդների համար այսօր կարեւոր խնդիր է նաեւ արտագաղթը. «Բոլորն ուզում են գնալ դրսում աշխատելու, որովհետեւ այնտեղ գնահատվում են, ի տարբերություն Հայաստանի»:
Նշենք, որ երիտասարդությանն առնչվող խնդիրներով եւ հարցերով զբաղվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որն այսօր պետական երիտասարդական քաղաքականության հարցում իբրեւ գերական խնդիրներ է հռչակել կրթություն ստանալու հնարավորության ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, երիտասարդների սոցիալ- տնտեսական վիճակի բարելավումը եւ առողջ ապրելակերպի խթանումն ու հոգեւոր-մշակութային, հայրենասիրական դաստիրակությունը: Ըստ նախարարության տվյալների, Հայաստանում այսօր կա 900 հազար երիտասարդ (18-30 տարեկան):
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը սակայն չի համարում, որ նոյեմբերի 10-ը երիտասարդության համաշխարհային կամ միջազգային օրն է: Նրա խոսքով, երիտասարդության օրը նշվում է օգոստոսի 12-ին:
Հիշեցնենք, որ 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, որից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր:
Իսկ օգոստոսի 12-ըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին։





























