1988-ի ազատագրական շարժումը չէր կարող լինել այնքան հզոր, մարդասիրական ու համատարած, եթե այդ շարժման մեջ առաջատարները, հիմնական խաղացողները չլինեին կանայք: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, Հայ ազգային կոնգրեսի կին թեկնածուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«90-95 թվականին, որ պատգամավոր էի, իմ մի քանի ընկերների հետ օրենքի նախագիծ ներկայացրինք եւ մարտի 8-ը հանեցինք օրակարգից, եւ եթե հիշում եք այն տոների շարքից դուրս եկավ, բայց ժամանակը եկավ ապացուցեց, որ մենք սխալ քայլ ենք արել, ինչը ես հիմա ընդունում եմ ամբողջությամբ: Անկեղծ ասած, դպրոցից սկսած ամաչում էի, որ մարտի 8-ին եմ ծնվել: Հետո հասունացա ու զգացի, որ մի հրաշք առավելություն է, Աստծո տված նվեր է, եւ իմ շրջապատի կանանց մորս, քույրերիս, հարազատների, պայքարի ընկերների հետ շփվելու առանձնահատուկ միջոց դարձավ, հիմա էդ մեր սխալը ուղղեցինք՝ մարտը 8-ը վերականգնվեց, իշխանությունը, այնուամենյանիվ, մի լավ բան արել է, այն դարձավ ժողովրդական տոն: Ադյունքում միամսյակ դարձավ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ Հայաստանը նշում է կանանց տոնը: Շատ լավ է, որ կանայք շատ ակտիվ են»,-ասել է Արամ Մանուկյանը: 

Պատգամավորը նշել է, թե 88-ի շարժումը չէր կարող լինել այնքան հզոր, մարդասիրական ու համատարած, եթե այդ շարժման մեջ առաջատար դիրքերում, չլինեին նաեւ կանայք: Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Կոնգրես-ՀԺԿ խաղաղության ծրագրի իրականացման գործում մեծ դեր ունեն նաեւ կանայք. «Ես կուզեի, որ մեր կանայք առաջամարտիկը լինեն Կոնգրես- ՀԺԿ-ի այն ծրագրին, որը կոչվում է խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն»: