Երեկ կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է երկու արտգործնախարարությունների միջեւ կանոնավոր շփումները՝ նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար:
Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Գյումրի-Ախալցխա-Բավրա-Բաթում ավտոճանապարհի ուղղությամբ տարվող աշխատանքներին, որի ավարտը թույլ կտա հեշտացնել բեռնա եւ ուղեւորափոխադրումը Հայաստանից Վրաստան եւ հակառակը:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, սահմանազատման գործընթացին եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն զարգացմանն առնչվող հարցեր:
Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների:
Այսօր նախատեսված է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:




























