ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2005 թվականին 38 մլն դոլար հարկ է վճարել՝ ավելի քան 150մլն դոլարի եկամուտից: Այս մասին, ինչպես հաղորդում է Ռոյթեր գործակալությունը,  մարտի 14-ին հայտարարել է  Սպիտակ տունը՝  ի պատասխան MSNBC-ի այն հայտարարության, թե  հեռուստաընկերությունը տիրապետում է երկու էջանոց հարկային հաշվետվության:

MSNBC-ի հաղորդավար Ռեյչել Մեդդոուն ասել է, որ  փաստաթուղթն ստացել է լրագրող Դեյվիդ Կեյ Ջոնսթոնից: Լրագրողն էլ իր հերթին հայտն է, թե փաստաթղթերը փոստով է ստացել:

Ըստ հեռուստաալիքի հրապարակած տվյալների՝ Թրամփը  հարկերը վճարել է փաստացի 25 տոկոս տոկոսադրույքով: Ի պատասխան, Սպիտակ տունն ասել է, որ Թրամփը, որպես ընկերության ղեկավար  պետք է  «վճարեր այնքան, որքան պահանջվում էր օրենքով»:

Թրամփը 100 մլն դոլար վնաս է ցույց տվել՝  վճարվող հարկերը նվազեցնելու համար: Սպիտակ տունը պարզաբանել է, որ Թրամփը  հաշվի է առել «շինարարության համար խոշորամասշտաբ ամորտիզացիան»:

Սպիտակ տունը հեռուստաալիքին մեղադրել է նրանում, որ վարկանիշի ետեւից ընկնելով, վերջինս հրապարակման համար չթույլատրված տեղեկատվություն է ներկայացրել հանարությանը: Մեդդոուն իր հերթին հայտարարել է, որ իրեն նման իրավունք տալիս է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը, որը խոսքի ազատություն է երաշխավորում:

Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր հրապարակել իր հարկային հռչակագրերը՝ հայտարարելով, որ դրանք ստուգվել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության կողմից: