Հայաստանում արեւային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում. Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչեւ 1 մեգավատ հզորությամբ երրորդ արեւային համակարգային կայանի շինարարությունը։

ՀՀ Էներգետիկենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած տարվա վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչեւ 1 մեգավատ հզորությամբ արեւային կայանների համար։

Դրանով ամբողջացավ ոլորտում գործունեության դաշտը, ինչից հետո, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ հետաքրքրությունները ոլորտի նկատմամբ էապես ավելացել են.

-Անցած մեկ ամսում սկսվել է նման երեք կայանի շինարարություն։ Ակնկալվում է, որ առաջիկայում դրանց թիվը կհամալրվի նորերով։

Նախնական հաշվարկներով, նման կայանի կառուցումը կտեւի մինչեւ մեկ տարի, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 1 մլն դոլար։

Արեւային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ  արտաքին ներդրողները։ Ըստ Հայկ Հարությունյանի,  օրերս Վայոց Ձորի մարզի լեռնային տարածքներից մեկում սկսվեցին մինչեւ 1 մեգավատ հզորությամբ հերթական արեւային կայանի կառուցման նախագծման եւ նախապատրաստման աշխատանքները։