Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա եւ կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը:

«Մենք պետք է բավական հետեւողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների քաղաքացիական դիրքորոշումը բոլոր ոլորտներում, այնքան շահելու ենք բոլորս: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է, որ մեր սպառողները, հասարակական եւ այլ պրոֆեսիոնալ  կառույցները համագործակցեն մեզ հետ ամենօրյա ռեժիմով: Կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը դիտարկվել է որպես առաջնահերթություն՝ մասնավորեցնելով սննդամթերքի անվտանգության ոլորտը», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ռազմավարական խնդիր է համարել Հայաստանի պարենային անվտանգության բարձրացումը եւ մի շարք գործողություններ նախատեսել այդ ուղղությամբ, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է եւ արդյունք է տալիս: «Մեզ համար չափազանց կարեւոր է արտադրողների եւ ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե´ անվտանգության ապահովմանը, թե´ որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները: Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից, եւ ակնհայտ է, որ այս հարթության մեջ համագործակցելու, առկա խնդիրները համատեղ վերհանելու եւ լուծելու հրամայական ունենք», - նշել է կառավարության ղեկավարը:

Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության եւ սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով Կարեն Կարապետյանը կարեւորել է ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ակտիվ դերակատարությունը: «Անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության: Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր եւ պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, եւ մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ եւ անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր եւ սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք», - եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

Ելույթներով են հանդես եկել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Վալերի Կորեշկովը կարեւորել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունում նման համաժողովի կազմակերպումը, որը լավ հարթակ է շահագրգիռ հարցերի քննարկման, կարծիքների փոխանակման եւ արդյունավետ լուծումների մշակման համար:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ համաժողովին  նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության եւ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ դպրոցականների, ուսանողների, գործարարների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների եւ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա ներկայացրել է իրենց իրավունքների վերաբերյալ սպառողների իրազեկվածության բարձրացման եւ սննդի շղթայի օպերատորների համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ աշխատանքները: