Բելառուսը միշտ կողմ է Եվրամիության միասնականությանն ու կայունությանը։ Այս մասին Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Բելգիայի արտգործնախարարի այցելությունը նա շատ կարեւոր է համարել ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլ «ամբողջ ձեր կայսրության հետ» հարաբերությունների համար։ «Մենք դժվար ժամանակներում էլ ձեզ համար խնդիր չենք ստեղծել ու ապագայում էլ երբեք նման խնդիրներ չենք ստեղծի»,- խոստացել է Լուկաշենկոն։
«Եվրամիությունը հզորագույն բեւեռ է ՝ Չինաստանի,ՄԻացյալ նահանգների հետ միասին։ Այն հզորագույն հենասյուն է մոլորակի համար, եթե այն անհետանա՝ փորձանք կլինի։ Ձեր բոլոր բրեքսիթները ու ազգայնական շարժումները ես չեմ ընկալում։ Ես Եվրոպական միության կողմնակիցն եմ»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը։




























