«Ելք» դաշինքի թիվ 2 ընտրական տարածքի ընտրարշավը այս պահին դադարեցված է։

Դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ դաշինքի անդամները գտնվում են Արմենիա ԲԿ-ում՝ ճշտելու մանրամասները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»,  քիչ առաջ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը երեկ երեկոյան կրկին տեղափոխվել էր  հիվանդանոց, նա վիրահատությունից հետո այդպես էլ գիտակցության չի եկել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիձջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց: