Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսը հայտարարություններ են տարածել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, իսկ նրանցից մի քանիսն էլ դադարեցրել են քարոզարշավը:

Հայ ազգային կոնգրեսը տարակուսանք է հայտնել, թե ինչու, փաստորեն, կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն քիչ անց նորից ձերբակալեցին։ «Վերջերս նրան կրկին ազատ արձակեցին հինգ պատգամավորների երաշխավորությամբ։ Սակայն անազատության  պայմանները, որպես բողոքի նշան արած հացադուլը, ըստ երեւույթին, արդեն անվերադարձ քայքայել էին նրա առողջությունը։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին եւ մտերիմներին, դատապարտում իշխանության համապատասխան մարմինների կողմից մարդու իրավունքների եւ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման փաստերը, պահանջում լիակատար բացահայտել մահվան պատճառ դարձած բոլոր հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս ցավակցություն է հայտնել Արթուր Սարգսյանի ընտանիքին եւ հարազատներին։ ««Հաց բերողը» ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է։ Նա՝ որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրեն զոհաբերեց հանուն փոփոխությունների եւ հանուն ավելի լավ Հայաստանի՝ դառնալով պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։

Անգնահատելի է «Հաց բերողի» պայքարը հանուն համամարդկային արժեքների, եւ դա պետք է լինի ազդակ բոլորիս, որ ՀՀ-ում արդարադատության հաստատման, ՀՀ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների համար պայքարը պետք է շարունակել ու հասցնել հաղթական ավարտի»,- նշել են «Ազատ դեմոկրատները»։

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը դաշինքի կենտրոնական շտաբում մայիսի 17-ին ասուլիս են հրավիրել դաշինքի կենտրոնական շտաբում՝ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծված իրավիճակի շուրջ։

«Հաց եմ բերել, տղե'րք, խղճիս վարձն եմ բերել…»:  Հայ հեղափոխական դաշնակցությունն իր վշտակցությունն է հայտնել Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և ծանոթներին: 

«Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե դադարեցնում է քարոզարշավը, թեպետ մարտի 17-ի համար նախապես հայտարարված միջոցառումներ էլ չունեին: «Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ:

Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին եւ վաղը ամբողջ օրը «Ծառուկյան դաշինքը» դադարեցնում է քարոզարշավը:

Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»,- նշել է Ծառուկյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  որպես հարգանքի տուրք «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի, վաղը` մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն, թեեւ նախապես հայտնել էին, որ քարոզարշավ են անելու Լոռու մարզում: «Մենք նաեւ գտնում ենք, որ  «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման այլ համախմբման եւ համատեղ պայքարի:

Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով»,- նշել են ՕՐՕ դաշինքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: