Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի  պնդմամբ՝ Հանրապետական կուսակցության շռայլած խոստումները  մնացել են խոստումների կարգավիճակում եւ մինչ օրս իրականություն չեն դարձել։ Տնտեագետը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ չի հավատում, որ իշխանության քարոզչությամբ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներդրումներով երկրի տնտեսությունը զարգացնելու խոստումները իրականություն կդառնան, քանի որ խնդիրը ոչ թե ներդրումների մեջ է, այլ կառավարման համակարգի։ 

«Հանրապետական կուսակցության խոստումները մնացել են խոստումներ, եւ դրանք իրականություն չեն դարձել։ Կանգնել են 2007 թվականի վրա ու առաջ չեն գնում։  Մի թիվ նշեմ. ՀՆԱ–ն էն ժամանակ 11 միլիարդ,  900 միլիոն էր,  հիմա՝ 10,5 միլիարդ։ Մենք առաջ չենք գնում, խոստումները իրականություն չեն դարձել։ Իրականում Հայաստանի բուժման դեղատոմսը ներդրումները չեն, ամենայն հավանականությամբ «բժիշկները» լավ չեն ուսումնասիրել Հայաստանի հիվանդությունը կամ ուսումնասիրել են ու ազնվություն չունեն ասելու, թե որն է խնդիրը»,–ասաց տնտեսագետը՝ անձամբ ախտորոշելով խնդիրը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական խնդիրները քաղաքական դաշտում են, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակի հետեւանքն են։

«Հայաստանի տնտեսական խնդիրները չեն գտնվում տնտեսական դաշտում, գտնվում են քաղաքական դաշտում, այդ քաղաքական դաշտի խնդիրներից մեկն էլ այսօրվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն է։ Մյուս կոմպոնենտը այն ամբողջ համակարգն է, որի մասին մեր ծրագրում հստակ գրված է։ Որ  կառավարման այս համակարգը, որը կոչվում է ավազակապետական, պետք է  փոխվի։ Պետք է սկսենք այդ կառավարման համակարգի փոփոխությունից։ Այսինքն՝ երկրում 180 աստիճանով պետք է փոփոխություն տեղի ունենա»։

 Ընդդիմադիր գործչի խոսքով՝  տարիներ շարունակ այնպիսի համակարգ է ստեղծվել, որ ապահով խավն ավելի է հարստանում, անապահովն՝ ավելի աղքատանում։

«Տարիներ շարունակ ավազակապետական համակարգը հասարական արդյունքի բաշխման էնպիսի սխեմա է ստեղծել, որտեղ ապահով խավը ավելի է հարստանում, անապահով խավը՝ ավելի աղքատանում։ Համաշխարհային փորձը ցույց տալիս, որ  եթե այսպես է շարունակվում, ուղղակի երկրները իրենք սնանկ են դառնում, քաղաքացիներին  դարձնում են ստրուկի կարգավիճակում, անվճարունակ, որեւիցէ  ակտիվության անընդունակ մարդիկ։ Գործող վարչապետն ու կառավարությունը անընդհատ փորձում են մարդկանց ոգեւորել,  բայց չի ստացվում, որովհետեւ  մարդիկ խոսքերով չեն ոգեւորվում։ Փորձել  օգտագործել ներդրումների  հանգամանքը եւ թվեր ներկայացնել, համոզված եմ՝ դա հաջողություն չի ունենա, քանի որ  պետք էր այս համակարգը փոխել»,–հիմնավորեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ հենց սա է Հայ ագզային կոնգրեսի ծրագրի շեշտադրումը՝ համակարգի փոփոխությունը։ 

Նշենք, որ Վահագն Խաչատրյանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական ցուցակի 7–րդ հորիզոնականում է։