Ես պայքարում եմ ոչ թե Հանրապետական կուսակցության դեմ, այլ իմ թիմի համար: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը զարմանում է, որ Սեյրան Օհանյանը պայքարում է ՀՀԿ-ի դեմ:
«Ես պայքարում եմ իմ համար, մեր թիմի, մեր ժողովրդի համար: Միշտ ասել եմ եւ այսօր էլ ասում եմ՝ դիմադիր եւ ընդդիմադիր բեռեւներ կլինեն, թե ոչ, պարզ կլինի ընտրություններից հետո: Մենք աշխատում ենք հանուն գաղափարի համար»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Նախկին նախարարը նշել է, որ ինքը հպարտանում է, որ ղեկավարման տարիներին ունեցել է հաջողություններ, կարողացել է ինչ-որ մի բան ավելացնել հայոց բանակում. «Այդ ավելացրածի մասով ես կարող եմ հպարտորեն արտահայտվել, քանի որ դրանք տարբեր ուղղություններով են: Այդ ուղղությունների մասին երկար պետք է խոսեմ, եթե խոսելու լինեմ: Կան նաեւ ուղղություններ, որոնք մինչեւ ինձ չեն եղել, բայց ես կատարել եմ: Իսկ դա չի նշանակում, որ ես հայկական բանակը զրոյից եմ սկսել եւ հարգանք չեմ տածում երեկվա եւ այսօրվա իմ բոլոր գործընկերների նկատմամբ»:




























