Նախընտրական մրցավազքի մասնակիցները բարձր աշխատավարձեր եւ թոշակներ են խոստանում, բայց ընտրողներին չեն ասում, թե դա որքան կարժենա: Մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Որոշ ուժեր խոստանում են նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազարից բարձրացնել մինչեւ 80 եւ 100 հազար դրամ: Բայց այդ դեպքում պետք է համաչափորեն բարձրացնել նաեւ մնացած աշխատավարձերը, նշեց նա: Արամյանի խոսքով՝ պետական բյուջեում աշխատավարձի ծախսը կազմում է մոտ 446 մլրդ դրամ (բյուջեի բոլոր ծախսերի 1/3-ը): Նվազագույն աշխատավարձը մինչեւ 80 հազար դրամ բարձրացնելու համար՝ մնացած աշխատավարձերի ինդեքսացիայով, կպահանջվի 250 մլրդ դրամ, մինչեւ 100 հազար բարձրացնելու համար՝ 350 մլրդ դրամ: «Աշխատավարձերը եւ թոշակները նման մակարդակի հասցնելու համար հարկավոր է կա՛մ ավելի շատ հարկեր հավաքել, կա՛մ նոր վարկեր վերցնել: Այդքան հարկ հավաքելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ տարվա ընթացքում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը մեծացնել 10 տոկոսով: Աշխարհում սրան գոնե մոտավորապես նման օրինակ չկա: Իսկ եթե խոսենք նոր վարկերի մասին, ապա կառավարության ընդհանուր պարտքը առանց այն էլ ՀՆԱ-ի 52 տոկոսն է կազմում»,- նշեց ֆինանսների նախարարը:



























