Սամվել Բաբայանի ձերբակալությունը կարող է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նկատմամբ շարունակական խնդիրների արդյունքը լինել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Սամվել Բաբայանի ձերբակալությունը:

Հարցին, թե ինչու են ձերբակալել Սամվել Բաբայանին, նա պատասխանել է. «Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է, դաշինքի նկատմամբ շարունակական խնդիրների արդյունքը կարող է լինել սա»,- նշել է Օհանյանը եւ հավելել. «Մնացած հարցերը ԱԱԾ-ին կարող եք տալ: Մենք բոլոր հարցերը պարզաբանելուց հետո կարող ենք պատասխանել»:

Ազատամարտիկների դաշինքի անդամ, գեներալ Գագիկ Մելքոնյանն էլ Բաբայանի ձերբակալության կապակցությամբ ասել է. «Բոլոր դեպքերում ինքը քաղաքական գործունեության մեջ չի մտել, ակտիվորեն սատարել է դաշինքին: հարցեր կան էլի: Հիմի կարող ա մի ժամից հետո ինձ էլ կալանավորեն»: Հարցին, իսկ հնարավոր է, որ Սեյրան Օհանյանին էլ կալանավորեն, նա պատասխանել է. «Չեն կարա, առաջին դեմքերին չեն կարա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am֊ը, Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր՝ մարտի 22-ին, ձերբակալվել է: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր արցախցի պատգամավոր, նրա մտերիմ Հայկ Խանումյանը: Ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։