Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը յուրովի է բացատրել ապրիլյան պատերազմի օրերին դիզվառելիքի պակասի մասին խոսակցությունները։
«Կարող է՝ տանկիստին ասեն, տանկդ խոդ տուր, մտի խրամատը խփի։ Տանկիստն էլ կարող է՝ ասել է, որ սալյարկա չկա, որովհետեւ վախեցել է դուրս գալ կրակելու, որովհետեւ մահվան հետ գործ ունի»,- ասել է նա այսօր՝ մարտի 22-ին, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ զրահատեխնիկայում դիզվառելիք շատ հաճախ չի եղել: Անորակ դիզվառելիքի մասին մարտի 1-ին Ազգային ժողովում հայտարարեց նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Իր հերթին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան եւ «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ եւ նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն:


























