Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում այսօր՝ մարտի 23-ին, ընտրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարեւորել է աշխատատեղերի ստեղծումը: Նա նշել է, որ Հայաստանում պետք է ներդրում անել, որպեսզի տնտեսական աճ լինի եւ հնարավոր լինի աշխատատեղերի ստեզծումը:
«Հայաստանում առանց ներդրման ոչ մի տնտեսական աճ չի կարող լինել: Հենց տնտեսական աճով կկարողանանք աշխատատեղեր ապահովել, եթե 10-12 տոկոս տնտեսական աճ լինի, մարդկանց համար աշխատանք լինի, կկարողանանք բարիք ստեղծել: Եթե ամեն տարի յուրաքանչյուր մարզում 20 միլիարդի ներդրում կատարվի, պատկերացնում եք ի՞նչ կլինի:Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է սիրել ժողովրդին, մտածել ժողովրդի մասին, մարդը պետք է գործով ապացուցի, եթե չես կարա՝ մի արա, մարդկանց անեծքի տակ մի մտի: Յուրաքանչյուրն էլ ուզում է, որ լավ ապրի, իրենք էլ հարսանիք անեն, իրենց թոռան ծնունդն անեն»,-ասել է նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջին խնդիրը դաշինքի առաջարակած 15 կետերի կատարումն է, որից հետո երկրում անհրաժեշտ է կատարել ներդրում եւ երկիրն այս իրավիճակից դուրս բերել. «Դուք պետք է գնաք ընտրության, ձեր իրավունքն ա՝ 5 տարին մեկ սխալ որոշում կայացնելու դեպքում ոչ մեկին չմեղադրեք, ում ձեր ձայնը տվել եք, գնացեք նրանից էլ պահանջեք»:




























