Սամվել Բաբայանին ձերբակալելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը արմատական ընտրազանգվածի ավելի շատ ձայներ կստանա: Մարտի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին ձերբակալելու կոնկրետ փաստին՝ քաղտեխնոլոգը նշեց. «Բնականաբար, «ՕՐՕ» դաշինքը, որպես բավական փորձառու եւ գրագետ քաղաքական գործիչների թիմ, պետք է ասեր, որ սա քաղաքական ձերբակալություն է: Որպես քաղտեխնոլոգ՝ կարող եմ ասել, որ դաշինքը շատ ճիշտ է վարվում»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ եւս 2 քաղաքացի մարտի 22-ին ձերբակալվել են «Իգլա» ԶՀՀ-ի մաքսանենգության կասկածանքով: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ քննության շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ ԶՀԿ-ի մասեր ձեռք բերած եւ Հայաստան բերած անձինք գործել են Սամվել Բաբայանի պատվերով եւ նախնական համաձայնությամբ: «ՕՐՕ» դաշինքը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Բաբայանի ձերբակալությունը իրենց քաղաքական ուժի նկատմամբ բռնաճնշումների եւ սադրանքների հերթագայության շարքից է:




























