Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները, վերջիվերջո, կհանվեն, քանի որ հիմնազուրկ կլինեն, բայց ընտրություններից առաջ եւ հետո ժամանակահատվածում նա բանտարկված կմնա: Մարտի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված անորոշությունները չափից ավելի շատ են: «Եթե տեսականորեն ենթադրենք, որ զենքը բերելու պատվիրատուն Սամվել Բաբայանն է, իսկ մենք գիտենք, որ մեր դատական համակարգում մարդիկ պատրաստ են ինչ ասես ասել, ապա տրամաբանությունը հուշում է, ոչ մի սթափ դատող մարդ «Իգլա» ԶՀԿ-ն չէր բերի Վրաստանի տարածքով եւ չէր բռնվի: Հայաստանում հենց այս զենքից լիուլի կա: Նույն Ղարաբաղում «Իգլան» ավելի հեշտ է ձեռք բերել, քան Վրաստանում»,- նշեց Պապյանը:

Ըստ փորձագետի՝ Սամվել Բաբայանին կկալանավորեն միայն այն պատճառով, որ ընտրությունների ընթացքում հասարակությունից մեկուսացնեն: «Կարծում եմ, որ դա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի նկատմամբ հանրության հետաքրքրությունը կմեծացնի: Բայց դա դաշինքի համար նաեւ խնդիրներ կստեղծի վախի մթնոլորտի արմատացման տեսակետից»,- հավելեց Արա Պապյանը

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ եւս 2 քաղաքացի մարտի 22-ին ձերբակալվել են «Իգլա» ԶՀՀ-ի մաքսանենգության կասկածանքով: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ քննության շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ ԶՀԿ-ի մասեր ձեռք բերած եւ Հայաստան բերած անձինք գործել են Սամվել Բաբայանի պատվերով եւ նախնական համաձայնությամբ: «ՕՐՕ» դաշինքը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Բաբայանի ձերբակալությունը իրենց քաղաքական ուժի նկատմամբ բռնաճնշումների եւ սադրանքների հերթագայության շարքից է: