Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է Արցախի Հանրապետության Կառավարական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Այն, ինչ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունը, համապատասխանում է իրականությանը, թե ինչ նպատակով է Սամվել Բաբայանը փորձել Հայաստան բերել այդ համակարգը, կպարզվի քննության ընթացքում, բայց որ ԱԱԾ-ն կապ է տեսել համակարգի բերելու եւ Սամվել Բաբայանի միջեւ, ուրեմն մի բան գիտի: Ես ինքս վստահում եմ ԱԱԾ-ին եւ Գեորգի Կուտոյանին: Եկեք այս ձերբակալությունը չքաղաքականացնենք, այն որեւէ կապ չունի ընտրությունների կամ որեւէ դաշինքի եւ կուսակցության հետ»,- ասել է նա:

Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ Ազգային անվտանգության ծառայությունն առանց ապացույցների նման հայտարարություն չէր անի, ավելին Սամվել Բաբայանին չէր ձերբակալի: Թե ինչ նպատակով կարող էր Սամվել Բաբայանն «Իգլա»-ն բերել Հայաստան, Գառնիկ Իսագուլյանը դժվարանում է նշել, ամեն դեպքում չի բացառում վաճառքի վարկածը կամ մեկ այլ երկիր ավելի ուշ փոխադրելու:

«Կա անմեղության կանխավարկած, Ազգային անվտանգության ծառայությունն էլ էր այդ մասին հայտարարել իր հաղորդագրության մեջ: Սպասենք քննության արդյունքներին»,- ասել է նա:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է։

Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք, որ Սամվել Բաբայանը երբեք չի հերքել իր կապն այդ դաշինքի հետ: