Հանրային հեռուստատեսությամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում ձգտում կար իշխանությանը հավաստիացնելու, որ բաներ կան, որոնք ինքն ավելի ջանադրաբար կանի՝ դա Ղարաբաղի շուրջը եղած տարածքների վերադարձման օգտին քարոզչությունն է: Մարտի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը դա չի կարող հրապարակավ անել: «Այն, ինչը հիմա Հայ ազգային կոնգրեսն ասում է Լեռնային Ղարաբաղում հողերի վերադարձման մասին, նույն բանն է, ինչը ասում է Ադրբեջան տեղափոխված Վահան Մարտիրոսյանը: Սպասումներ կային, որ Հայաստանի առաջին նախագահը խաղաղության հասնելու ավելի հստակ փաստարկներ կբերեր: Ինչո՞ւ մենք պետք է Ադրբեջանին հիմա ավելի շատ հավատանք, քան 1-2 տարի առաջ»,- հարց հնչեցրեց Պապյանը՝ շարունակելով, որ ներկայումս այս երկիրն ավելի մարտական է տրամադրված, հետեւաբար՝ քիչ հավանական է, որ հավատարիմ կլինի խաղաղ կարգավորման սկզբունքին: «Խաղաղության հաստատման վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը հասցեագրված է հատկապես այն մայրերին, որոնց որդիները բանակում են: Սակայն անընդունելի է պատերազմի եւ խաղաղության մասին պնդումները շահարկել նախընտրական քարոզչության նպատակներով»,- ընդգծեց Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական ցուցակը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է հակամարտության կարգավորմանը, նշել է, որ եթե Բաքուն փոխզիջումների պատրաստ չլիներ, ապա չէր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին:



























