Քարոզարշավի տրամաբանությունից բխում է, որ ընտրությունների մոտենալու հետ իրավիճակն էլ ավելի է սրվելու, ընտրարշավի ավարտին մոտենալուն պես՝ առավել կակտիվանան ընտրակաշառքի մասին խոսակցությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Հանրահավաքների ընթացքում սկսել են բավական կոշտ հայտարարություններ հնչել: Սկսեցինք նրանից, որ աչքեր էին հանում, երեկ մի ուրիշ տիկին մարզպետի ականջներ էր պոկում: Կարծում եմ՝ այս տենդենցը շարունակվելու է, և, բնականաբար, դրա վրա նաև ազդեցություն է թողնելու երեկվա ձերբակալությունը՝ կապված «Իգլայի» հետ»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգի խոսքով, ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան դաշինքը» պայքարում են 1-2 տեղերի համար, մյուսները դեռ վստահաբար չեն լուծել ԱԺ անցնելու հարցը, եւս 4-5 ուժեր պտտվում են անցողիկ շեմի շուրջ:
«Կարծում եմ՝ հանրապետականների գլխավոր «ֆիշկան», ինչպես իրենք սիրում են ասել, այն էր, որ իրենք հայտարարեցին իրենց վարչապետի թեկնածուի անունը՝ հասկանալով, որ նա վստահության որոշակի պաշար ունի: Իրենց այդ հնարքը փորձում են իրագործել մինչև վերջ: Մոտավորապես նույնն անում է նաև «Ծառուկյան» դաշինքը: Տեսնում ենք, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է իրականացնում դաշինքի քարոզչությունը: Նրանք էլ են հասկանում, որ հանրությունը, մանավանդ մարզերում, նաև մեծ քաղաքներում, այնուամենայնիվ, լիդեր է ընտրում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր չեն հայտարարել, թե ով է իրենց թեկնածուն՝ թուլացրել են իրենց դիրքերը:
Անդրադառնալով «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքին, քաղտեխնոլոգը նշեց, որ այդ դաշինքը մեկ խնդիր ուներ ՝ասոցացվել որպես ընդդիմադիր ուժ, քանի որ նրա լիդերների իշխանական հետագիծը կասկածներ է հարուցում ոչ միայն հանրության շրջանում, այլև ընդդիմադիր դաշտում։
Քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ Սամվել Բաբայանի ձերբակալումը կարող է ռեյտինգային առումով օգուտ բերել այս ուժին, սակայն քանի որ ռեսուրսների ավելացման վրա դժվար թե ազդի, ապա այդ ռեյտինգային ավելացումը հազիվ թե վերածվի ձայների:
Ինչ վերաբերում է «Կոնգրես ՀԺԿ» դաշինքին՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ թեեւ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ռիսկային է, սակայն իրենք դա երբեք ել չեն թաքցրել. եւ տարօրինակ է, որ ունենալով ցածր ռեյտինգ՝ այս կուսակցությունը գնաց ՀԺԿ-ի հետ ոչ թե մեկ ցուցակով, այլ դաշինքով։




























