«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հարցումներով այն լուրջ նիշան չի զբաղեցնում, որ քաղաքական լուրջ հակառակորդի կերպար ունենա: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ցուցակի 159-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Նա խորհուրդ է տվել այդ գործով հապշտապ մեկնաբանություններ չանել, քանի որ գործ ունենք հստակ մեղադրանքի հետ:
Դիտարկմանը, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը այդ ձերբակալությունը կապում է իր գործունեության հետ եւ նշում, որ դրանով իշխանությունները փորձում են իրենց խանգարել մուտք գործել խորհրդարան, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մի քիչ, կներեք էլի, նման մեղադրանք առաջադրել… ՕՐՕ-ն հարցումներով այն լուրջ նիշան չի զբաղեցնում, որ քաղաքական լուրջ հակառակորդի կերպար ունենա: Ես սոցիոլոգիական հարցումներ եմ անցկացրել տեղամասում, որտեղ առաջադրված եմ եւ եկել եմ այս եզրակացության»:




























