«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ  պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններին՝ անկախ այն բանից, թե ինչ վերլուծություններ  են հրապարակվում ընտրությունների վերաբերյալ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով Economist պարբերականի կողմից հրապարակված զեկույցին, որում կանխատեսումներ են ներկայացվել 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ: «ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություներում հանդես է գալու ինքնուրույն, եւ մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ՝ ընտրություններում հաղթելու համար»,-հայտարարեց Սաֆարյանը:

Մինչդեռ Economist-ի վերլուծաբանները հավանական են համարում, որ 2012 թվականի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «կշարունակի իր գերակայությունը խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է վերլուծության մեջ առկա այն ձեւակերպմանը, թե «իշխանական կոալիցիայի ներսում լարվածությունը սրված է մնում», ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Կոալիցիայի ներսում ոչ մի լարվածության էլ չկա: Դա արհեստական խոսակցություն է»:

Նշենք, որ Economist հեղինակավոր պարբերականի Economist Intelligence Unit բաժինը հրապարակել է Հայաստանին վերաբերող հերթական զեկույցը, որում վերլուծության է ենթարկվել Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ տնտեսական կյանքը: