Դատելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների եւ համախոհների, այդ թվում՝ Սամվել Բաբայանի, հայտարարություններից՝ դաշինքը չի պատրաստվում խորհրդարան մտնել: Մարտի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ նրանք խոսում են հետընտրական շրջանում ակտիվություն ծավալելու մասին: Անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Իսկանդարյանը նշեց. «ՕՐՕ» դաշինքի անդամները փորձում են այս հաղթաթուղթն օգտագործել մինչեւ ընտրությունները եւ դրանից հետո իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Սակայն իր՝ դաշինքի ներսում, կարծես, 7 տոկոսին հասնելու վստահություն չկա»:

Քաղաքագետի կարծիքով՝ «ՕՐՕ» դաշինքը ցանկացած առիթ պետք է օգտագործի իրենց վրա քաղաքական պատճառներով հարձակումներ գործելու մեջ մեղադրելու համար: «Դա ցանկացած դեպքում տեղի կունենար՝ Սամվել Բաբայանին ինչպիսի հարված էլ հասցնեին, կամ եւս որեւէ մեկին: Ավելին՝ դա չէ՞ որ տեղի է ունեցել մինչեւ ձերբակալությունը. խոսակցություններ էին շրջանառվում, որ գոյություն ունի ճնշում, որ ճնշումը բավական կոշտ է, դա հնչել է նաեւ Սամվել Բաբայանի շուրթերով»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգությամբ Վրաստանից Հայաստան «Իգլա» ՀՀԿ բերելու գործի շրջանակում: