«Ելք» դաշինքը պահանջում է ԿԸՀ-ից վարույթ հարուցել՝ ՀՀԿ-ի համար վարչական ռեսուրսի չարաշահման փաստով:

Հայաստանյան բազմաթիվ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ Այդ մասին ահազանգել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

ՀԿ–ի կայքը  հրապարկել է տեղեկություն, թե ինչպես է   դպրոցների եւ մանկապարտեզների 136 տնօրեններ  կազմել ցուցակներ եւ հավաքագրել  ուսուցիչների եւ աշակերտների ծնողների ձայները։ Կայքում տեղադրված են այդ տնօրենների հետ բոլոր զրույցները։

Այս բացահայտման կապակցությամբ  «Ելք» դաշինքն այսօր  հրավիրել է ասուլիս եւ կոչ արել, որ ԿԸՀ–ն վարույթ հարուցի եւ արձանագրի այս խախտումը։

«Ազատ ընտրությունների սկզբունքը խախտված է, տեղի է ունեցել միջամտություն քաղաքացիների ազատ կամքի ձեւավորման նկատմամբ, նաեւ օգտագործվել է վարչական ռեսուրսը, հանրային ռեսուրսը մի որոշակի քաղաքական ուժի օգտին, տվյալ դեպքում ընտրական իրավունքի պաշտպանության գործառույթ իրականացնելու պարտականություն ունեցող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է հարուցել  վարույթ եւ անմիջապես արձագանքել այս խախտմանը։ Մի քանի հարյուր հաստատություններ, որոնք գտնվում են կամ պետական կամ համայնքային ենթակայության տակ, ներգրավված են  պրոցեսում, որը ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը»,–ասել է «Ելք» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։