Բացարձակապես ոչ մի հիմնավորում չկա առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու համար: Մարտի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հիմնավորումներ կա՞ն ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու համար՝ հաշվի առնելով, որ վերջերս տարածված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններում հնչում են կուսակցությունից պատգամավորի թեկնածուների եւ ներկայացուցիչնրի անուններ:
Նրա խոսքով՝ չի կարելի այդ ձայնագրությունները ենթատեքստից դուրս դիտարկել: «Հարկավոր է մանրամասն ուսումնասիրել դեպքերից յուրաքանչյուրը: Կան ձայնագրություններ, որոնք լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ վարչական ռեսուրսների չարաշահումը կամ սխալ օգտագործումը անթույլատրելի է: «Օրենսդրությամբ դա, իհարկե, պետական ծառայողներին արգելված է, սակայն էթիկայի կանոնները դա անել թույլ չեն տալիս նաեւ ոչ պետական ծառայողներին: Տվյալ դեպքում խոսքը ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է, սակայն ես չեմ կարող ընդհանուր գնահատել, քանի որ պետք է մանրամասն ուսումնասիրեմ: Ավելի վտանգավորն այն է, որ որոշակի լայնածավալ խախտումների պատրանք է ստեղծվում, երբ իրականում համանման դեպքերում պետք է ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրել: Երեկ հասցրել եմ մի քանի ձայնագրություն լսել՝ դեպքերից մեկում իսկապես խնդիր կա, իսկ մյուսներում ես ընդհանրապես ոչ մի խնդիր չտեսա: Սակայն եթե նույնիսկ մեկ դեպք հարցեր է հարուցում, դա չի նշանակում, թե հիմա կարող եմ պնդել, որ դա Ընտրական օրենսգրքի կամ էթիկայի կանոնների խախտում է, մինչեւ յուրաքանչյուր մանրուքը չուսումնասիրեմ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որը ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնելու, գրանցել է իշխանության օգտին վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես՝ ավելի քան 100 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները իշխանության օգտին ընտրողների հատուկ ցուցակներ են կազմել:




























