Արամ Զավենի Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին, վանաձորցիներին խորհուրդ է տվել ապրիլի երկուսին քվեախուց մտնելիս աղբարկղը նետել հանրապետականի եւ «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկները:
«Ժողովուրդ ջան, երբ մտնեք քվեախուց, վերցնեք քվեաթերթիկը, հանրապետականի հետ աղբարկղը գցեք «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը, որովհետեւ այդ դաշինքը ՀՀԿ-2 է, նրանք պասերով են աշխատում, թե չէ անձնական բան չկա, ես ի՞նչ անձնական բան պետք է ունենամ Գագիկ Ծառուկյանի հետ, ինքը երեւույթ է, ես ո՞վ եմ որ»,-ասել է նա:
Նա նշել է, որ իսկապես «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները մարդաշատ են, որովհետեւ նրանից աղքատ քաղաքացիները գնում են գումար ուզելու:
«Գագիկ Ծառուկյանը իսկապես երեւույթ է, իսկապես նրա հետ հանդիպումների ժամանակ շատ մարդիկ են հավաքվում, բայց ի՞նչ են անում, թղթեր են ուղարկում, նամակներ են տալիս, որի մեջ գրված է՝ փող տուր: Բնականաբար, Հայաստանի ամենահարուստ մարդը գնում է մարզեր, որտեղ ապրում են ամենաաղքատ մարդիկ, բնական է, որ պետք է գնան ու փող ուզեն: Էդ մարդն ասում է՝ «ֆոկուսչիկ» պետք է լինել, որ 16 հազար դրամով ապրել կարողանաս, շատ ճիշտ է, բայց ես նույնկերպ մտածում եմ, որ ֆոկուսչիկ պետք է լինել էս երկրի իշխանությունների հետ կապ չունենալու ու սեփական կազինո ունենալու համար, էդ կազինոյով մոնոպոլ լինել, միլիոնների եւ միլիարդների սեփականություն ունենալ»:




























