Պատգամավորն ու պատգամավորի թեկնածուն չպետք է զբաղվեն ոչ բարեգործությամբ, ոչ էլ ճանապահների ու տների վերանորոգումով, այդ ամենը պատգամավորի աշխատանքի մեջ չի մտնում։ Այս մասին մարտի 26-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ իր ելույթում ասել է դաշինքից պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանը։
«Նրանք, ովքեր անում են դա, մտադիր են ընտրություններից հետո ձեր գրպանները մտնել, որպեսզի տասնապատիկ շատ գումար վերադարձնեն, քան այսօր են ծախսել»,- նշել է Թերեզա Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ ընտրակաշառքին համաձայնելը, անկախ նրանից, թե ինչ տեսքով է այն առաջարկվում, սխալ է։
Նրա խոսքով այսօր տարածված ընտրակաշառքի չափը՝ 10 000 դրամը, չափազանց փոքր գումար է դրա դիմաց ձայն վաճառելու համար․ եթե այդ 10 000 դրամը բաժանվի 5 տարվա, ստացվում է օրական ընդամենը 5․5 լումա։
«Եթե ձայնը գնում են, մարդը դառնում է իր՝ նրա հետ կվարվեն այնպես ինչպես կամենան»,- նշել է Թերեզա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 25-ի արտահերթ նիստում մերժել էր «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածուների՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիմումը՝ ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Դիմումում, մասնավորապես, ներկայացվել են հենց Մովսիսյանի կողմից հրապարակված փաստերն այն մասին, որ նա Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում խոստացել է ասֆալտապատել կենտրոնական փողոցը՝ ընտրություններում իր օգտին քվեարկելու դիմաց:




























