Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն այսօր իշխանություն է: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի հնչեցրած մեղադրանքներին, թե ՀՅԴ-ն համագործակցում է իշխանությունների հետ:

«Այո՛, մենք այսօր իշխանություն ենք։ Այո՛, մենք մոտ մեկ տարի է համագործակցում ենք իշխող կուսակցության հետ եւ, ես դրանից չեմ ամաչում, ընդհակառակը։ Իմանալով այդ կուսակցության բոլոր արածները, բոլոր թերությունները, տարիների ընթացքում չարածը, մենք ինչի՞ ենք էսօր իշխանություն։ Որովհետեւ կարողացել ենք ապացուցել մեր գաղափարների, մեր դրած խնդիրների ճիշտ լինելը եւ այսօր դաշնակցության 15, 20, 25 տարի առաջվա ասածները նրանք ընդունել են ու ասել են` եկեք միասին անենք... Եվ եթե քո ասածներին ասում են` եկեք միասին անենք, պիտի ապուշ լինես,  որ ասես`չէ»,-ասել է նա: