Եթե խորհրդարանական ընտրություններից հետո հայ ժողովուրդը որոշի փողոց դուրս գալ, մենք նրա կողքին կլինենք: Մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Ի պատասխան այն հարցին, թե իրենք պատրա՞ստ են հետընտրական գործընթացներին, Օսկանյանը նշեց. «Առայժմ մենք բուն ընտրությունների վրա ենք կենտրոնացած, կարծում ենք, որ հնարավոր է իշխանափոխություն կատարել ընտրությունների միջոցով: Մենք համոզված են, որ դա տեղի կունենա: Բայց եթե տեղի չունենա, կարծում եմ, որ արդեն ժողովուրդը մեզ կթելադրի՝ ինչ անենք»:
Անդրադառնալով դրված նպատակներին հասնելու համար ընդդիմության կողմից ուժ կիրառելու հավանականությանը՝ նա նշեց. «Մենք երբեք չենք խրախուսել ուժի կիրառումը, բայց խստորեն դատապարտում ենք իշխանությունների կիրառած բռնությունը, քաղաքական մենաշնորհը, նաեւ կեղծումները: Սրա հետ կապված հիասթափությունից ելնելով՝ որոշ մարդիկ ուժի կիրառման են դիմում: Բայց մեկ անգամ էլ եմ կրկնում՝ մեր դաշինքը երբեք չի խրախուսել եւ չի խրախուսի զենքի որեւէ կիրառում»:
Նշենք, որ «ՕՐՕ» դաշինքը հանդես է գալիս անցյալ տարվա ամռանը Ոստիկանության պահակապարեկային ծառայության գունդը գրաված եւ երկու շաբաթ պահած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ազատելու օգտին:




























